Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Թուրքացածը թուրքից վտանգավոր է

Թուրքացածը թուրքից վտանգավոր է
02.04.2018 | 23:23

Ստամբուլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնից առաջ պահքի ընթրիք է մատուցվել` Շիշլի շրջանում ապրող հայերի համար։ Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ի հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեդ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։


ԱԶԿ-ի Շիշլիի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Ֆուաթ Գյունդայն ասել է, որ դարեր շարունակ տարածաշրջանը եղել է տարբեր կրոնների, դավանանքների ու մշակույթների կենտրոն, և դա հպարտություն է ներշնչել այդ հողերի զավակներին.
«Այսօր էլ մենք ենք կարողանում միասին լինել՝ առանց կրոնի, լեզվի, ռասայի և դավանանքի խտրականություն դնելու»։ Ermenihaber-ի փոխանցմամբ` ելույթ է ունեցել նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ ընդգծելով, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։ Նա երախտագիտության խոսքեր է ասել Թուրքիայի ղեկավարներին ու բանակին. «Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոն ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։


Ահա այսպես` իր մատուցած պատարագները բոյկոտող ու իր դեմ բողոքող հայերի դեմ թուրք ոստիկաններին բողոքող պատրիարքը թուրքական բանակին ու նախագահին երախտագիտություն է հայտնում ու ակներևաբար համաձայն է Օմեր Ֆուաթ Գյունդայի հետ, որ դարեր շարունակ տարածաշրջանը տարբեր կրոնների, դավանանքների ու մշակույթների կենտրոն է ու դա հպարտություն է ներշնչել այդ հողերի զավակներին: Ճիշտ է` ոմանց հպարտությունը ներշնչել է մյուսներին ցեղասպանել ու հայրենազրկել, բայց դա «ընթրիքի» մասնակիցներին չի վերաբերում: Ինչպես չի վերաբերում, որ նույն ցեղասպանությունը Անկարան շարունակում է քրդերի դեմ հենց հիմա ու նրանց շնորհիվ իրենք տոն են նշում ու երախտապարտ են նրանց: Նրանք կարողանում են «միասին լինել՝ առանց կրոնի, լեզվի, ռասայի և դավանանքի խտրականություն դնելու»։ Նրանք պարզապես չեն կարողանում հայ լինել, իսկ հին հայկական իմաստնությունը սովորեցնում է` թուրքացածը թուրքից վտանգավոր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչպե՞ս են նույն ժամանակում, նույն հողի վրա ապրում Մարգար Եսայանն ու Կարո Փայլանը: Ի՞նչ է պետք, որ տարատեսակ եսայանները, աթեշյանները, յան-ը օղլիով փոխարինածները, օրվա հացը Աստծո հետ փոխածները ի վերջո հասկանան, որ իրենց թուլությունն է ուժեղացնում Թուրքիայի իշխանությանը: ՈՒ ստացվում է, որ 2018 տարի հետո հուդաներն են ՙընթրիքի՚ նստում` առանց Հիսուսի, բայց նրա անունից: Դա վարկաբեկում է Հուդային` նա, ի վերջո Հիսուսի կամքն էր կատարում ու 30 արծաթը Սինեդրիոնին նետելով` ինքնասպան եղավ: Այսօրվա հուդաների համար 30 արծաթը կյանքի նպատակ է, նրանք պատրաստ են իրենց մեջ իրենց ազգությունը սպանել, որ լավագույնս իշխանությանը ծառայեն ու 30 արծաթը բազմապատկեն: Ափսոս է եկեղեցին: Հողն է ափսոս: Հավատը:

Դիտվել է՝ 3322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ